Աբրահամ

Աբրահամ
Աբրահամ
"Աբրամի (հայր բարձր) անունը դարձավ Աբրահամ (ազգերի հայր), երբ Աստված նրան խոստացավ եբրայական ազգի հիմնադիրը դարձնել։ Աբրահամի հայրենական տունը Եփրատ գետի ափին ընկած հարուստ և շքեղ Ուր (Քաղկեդոն) քաղաքն էր, որտեղ նա տարիներ շարունակ ապրեց իր հոր՝ Թարայի և երեք եղբայրների հետ։ Աբրահամն ամուսնացավ Սառայի հետ, որ իր խորթ քույրն էր։ Թարան իր ընտանիքով Ուրից տեղափոխվեց Խառան՝ մի քանի հարյուր մղոն դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Աստված Աբրահամին կոչեց գնալ Քանան։ Աբրահամը հնազանդվեց։ Նա քոչվորական կյանք վարեց՝ անընդհատ իր հոտերով ու նախիրներով տեղից տեղ անցնելով։ Որտեղ որ հանգրվանում էր, այնտեղ զոհասեղան էր շինում ու երկրպագում Աստծուն։ Սովը նրան տարավ հարավ՝ Եգիպտոս, բայց Աստված նրան պատվիրեց վերադառնալ Քանան։ Դա այն երկիրն էր, որն Աստված խոստացել էր տալ նոր ազգին։ Աբրահամը ծերացավ, իսկ Սառան դեռ երեխաներ չուներ։ Իր ժամանակի սովորությանը հետևելով՝ Աբրահամը Սառայի աղախին Ագարից զավակ ունեցավ։ Սակայն այդ որդին՝ Իսմայելը, Աստծու խոստացած զավակը չէր։
Երբ Աբրահամն ու Սառան առաջացած տարիքում էին, Աստված նրանց որդի պարգևեց՝ Իսահակին։ Նոր ազգը նրանով էր սկսվելու։ Իսահակը դեռևս մանուկ էր, երբ Աստված փորձեց Աբրահամի հավատը։ Աստված նրան պատվիրեց Իսահակին տանել հեռավոր մի լեռ և այնտեղ զոհաբերել նրան։ Աբրահամը դառնացած սրտով հնազանդվեց՝ համոզված, որ Աստված կպահի որդու համար տված Իր խոստումը։ Աբրահամն Իսահակին կապեց զոհասեղանին և դանակը բարձրացրեց նրա վրա։ Այդժամ Աստծու հրեշտակը ձայնեց. «Ձեռք մի՛ տուր պատանուն... այժմ համոզվեցի, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չես խնայի քո որդուն»։ Որդու փոխարեն զոհաբերվեց մացառուտ թփի մեջ եղջյուրներից կախված խոյը։ Հետո Աստված կրկնեց Աբրահամին ուղղված Իր խոստումները. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը։ Պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»։ 
Սառայի մահից հետո Աբրահամն իր վստահելի ծառա Եղիազարին ուղարկեց Խառան՝ Իսահակի համար իր ցեղից կին ընտրելու։ Աբրահամն Աստվածաշնչի իրավամբ ակնառու անձերից մեկն է։ Աստծու հանդեպ ունեցած հավատը նրան բոլոր ժամանակների օրինակ է դարձրել։
Աղբյուր՝ www.biblesociety.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ