«Ավետարանը փոխում է» Հայաստանը, «Ավետարանը փոխում է» հայերին

«Ավետարանը փոխում է» Հայաստանը, «Ավետարանը փոխում է» հայերին
«Ավետարանը փոխում է» միջազգային ավետարանչական շարժման հերթական ավետարանչությանը օգոստոսի 16-ին մասնակցեց նաև Հայաստանը: Հայաստանը 23-րդ երկիրն է, որ մաս կազմեց այս հեղինակավոր շարժմանը:
«Նոր սերունդ» եկեղեցու երիտասարդական հովիվ Գոռ Կարապետյանը, մի քանի ուրիշ ծառայողների հետ, համացանցում մշտապես հետևելով «Ավետարանը փոխում է» շարժման գործունեությանը, որոշեցին, որ սա և՛ իրենց, և՛ եկեղեցու հովվի վաղեմի տեսիլքն իրականացնելու հիանալի հնարավորություն է: Իսկ տեսիլքն այն էր, որ նրանք չէին ցանկանում սահմանափակվել միայն եկեղեցու ներսում քարոզելով, այլ երազում էին դուրս գալ փողոց և Բարի Լուրը հասցնել բոլոր հայրենակիցներին:
AP4.jpg
Կապ հաստատվեց շարժման կազմակերպիչների հետ: Նրանք ուրախությամբ ընդունեցին շարժմանը միանալու Հայաստանի ցանկությունը: Սակայն սկզբում կարծում էին, որ ժամանակը բավարար չէ բացօթյա ավետարանչությանը նախապատրաստվելու համար: Տեղեկանալով, որ «Նոր սերունդ» եկեղեցին ինքն ունի բացօթյա ավետարանչության սեփական ծրագիրը, շարժման կազմակերպիչները սիրով և ուրախությամբ ընդունեցին Հայաստանին իրենց կազմի մեջ: Ու թեև ժամանակն իսկապես քիչ էր, բայց ակտիվ նախապատրաստության և մեծ ցանկության շնորհիվ «Նոր սերնդի» երիտասարդները ավետարանական հավատքի այլ եկեղեցիների մի քանի երիտասարդների հետ օգոստոսի 16-ին դուրս եկան Երևանի զբոսայգիները՝ տարածելու Արքայության Ավետարանը:
AP11.jpg
Ավետարանչությունը սկսվեց Թումանյանի այգում: Փառաբանության ու երկրպագության երգերը, գեղեցիկ պարերն ու ցնծության աղաղակները գրավում էին զբոսայգու այցելուների ուշադրությունը: Բոլոր ցանկացողներին երիտասարդները կիրթ ու հասկանալի կերպով քարոզում էին Քրիստոսի Ավետարանը և ապաշխարության կոչ էին անում:
AP2.jpg
Այնուհետև խումբը տեղափոխվեց մեկ այլ զբոսայգի՝ Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ: Այստեղ նույնպես երգերն ու պարերը անտարբեր չթողեցին հանգստացողներին: Նրանցից շատերը մոտենում ու հետաքրքրվում էին, թե ի՞նչ նպատակով է կատարվում այս ամենը: Եղան մարդիկ, որոնք լսելով երիտասարդների նպատակների մասին, դժգոհությամբ հեռանում էին: Սակայն ընդհանուր առմամբ տիրում էր բարյացկամության ու հիացմունքի մթնոլորտ: Արդյունքում մոտ մեկ տասնյակ երիտասարդներ ապաշխարության աղոթք արեցին, Հիսուսին հանձնեցին իրենց սրտերը և Նրան ընդունեցին որպես անձնական Տեր և Փրկիչ:
AP21.jpg
Սկիզբը դրված է:
Հայաստանն այսուհետև կմասնակցի «Ավետարանը փոխում է» շարժման բոլոր միջոցառումներին: Մեծ հույս կա, որ ավետարանչությանը միանալու են բոլոր քրիստոնեական եկեղեցիները՝ անկախ հարանվանությունից և ուղղվածությունից:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ