«Հայ-վրացական ռազմավարական դաշինք»՝ պայմանական անվանում

«Հայ-վրացական ռազմավարական դաշինք»՝ պայմանական անվանում

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի ակումբում Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ Սամվել Նավոյանը խոսեց «Հայ-վրացական ռազմավարական դաշինքից»: Ինչպես նա հայտնեց՝ «ռազմավարական» ասելով նկատի չունի ռազմական և քաղաքական իմաստները, այլ արժեհամակարգերի դաշինքը:

«Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է իրականացվում կործանարար մի երևույթ, որն ուղղված է քրիստոնեական արժեհամակարգի դեմ»,- ասաց Սամվել Նավոյանը: Բանախոսը որպես օրինակ բերեց վերջերս Վրաստանում տեղի ունեցած համասեռամոլների շարժումը:

Ավետարանական ընտանիքի եկեղեցին ներկայացնող բանախոսը համարում է, որ սա արդեն ոչ թե քաղքեդոնական և ոչ քաղքեդոնական եկեղեցիների հարցն է, այլ պետք է հստակեցնել՝ ինչ է ընտանիքը:

Այս դաշինքն առաջարկ է և դեռևս չի գործում: Առաջարկված տեքստում ներգրավված են այն խնդիրները, որոնք վերաբերում են ընտանիքին, համասեռամոլությանը, կրթական համակարգին, արվեստին և այլն: Ըստ Սամվել Նավոյանի՝ այս ամենն օրեցօր խաթարվում է. «Կործանվում է ընտանիքի ինստիտուտը: Մարդն Աստծո կերպարից վերածվում է «ռեֆլեքսավորված ագրեգատի», օտարվում է գիտությունից, օրենսդրական դաշտից և այլն»:

Ինչպես բանախոսը հայտնեց, իրենք հավաքում են ստորագրահավաք համասեռամոլության տարածման արգելման համար: Փորձում են համագործակցել Ազգային ժողովի հետ, որպեսզի այս հարցն ընդգրկվի խորհրդարանում:

Ինչպես Սամվել Նավոյանն ասաց՝ այս հարցով դիմել են և՛ հայ, և՛ վրաց հոգևոր գործիչներին: Սպասում են աջակցություն ոչ միայն Վրաստանից, այլև Ռուսաստանից:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ
Աղբյուր՝ aravot.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ