Մնա՛ Հոր տան մեջ

Մնա՛ Հոր տան մեջ
Ընտանիքը Հայր Աստծո հրաշալի ստեղծագործությունն է:
Շատ հետաքրքիր է, որ նույն ծնողներն ունենում են տարբեր արտաքինով ու ներքնաշխարով երեխաներ: Նրանցից յուրաքանչյուրը սիրում է իր ծնողին: Բայց ակնհայտ է, որ հաճախակի խնդիրներ են առաջանում երեխաների միջեւ: Սրանում ամենաբարին այն է, որ ծնողի սերը հասկանում է յուրաքանչյուրին, բավարարում է ամենքի կարիքները, բերում է հաշտություն հարաբերություններում...
Յուրաքանչյուրիս տրված է այս հրաշքը, որին նայելով կարող ենք ավելի պարզ հասկանալ ու ճանաչել Հոր սերն ու Նրա նպատակները Իր ընտանիքի հետ կապված, որն է Եկեղեցին:
Եկեղեցին Հայր Աստծո Սիրո ծնունդն է Իր Որդու զոհով, Նրա փրկարար սիրո ներկայութան վայրը:
«8 Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին։ 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»։ 10 Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով». Մատթ. 22.8-10:
Նկատելի է այն, որ Նրա տուն էին հավաքվել եւ չարերը եւ բարիները: Ահա ՆՐԱ ընտանիքը: Սա խնդիր չէ, որովհետեւ տան ՀՈՐ Սերը անսպառ ու զորավոր է փրկելու ու փոխելու յուրաքանչյուրին, որ Իր ներկայության մեջ Է:
44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45 որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ (Մատթ. 5. 44-45
Ահա Հոր սերը, որը նման է արեգակի ջերմությանը: Այն ի զորու է հալեցնել մեր սրտերում առկա, սառույցի պես կարծրացած խնդիրները եւ աճեցնել նրանց տակ թաքնված բարի սերմերը: Նրա Սերը անձրեւի պես է, որ ոռոգում եւ արգասավոր է անում մեր անձն ու կյանքը՝ դարձնելով մեր անապատը ծաղկած այգիներ:
Այս ամենը հասանելի է բոլոր նրանց, ովքեր մնում են Հոր ներկայության մեջ, Նրա տան մեջ: Անառակ որդու վերադարձը պատմությունը Հոր Սիրո վառ օրինակն է: Տղան, ով հեռացավ հոր տանից, ամեն բան կորցրեց դրսում: Բայց կար մեկ եւ ամենամեծ մխիթարությունը, հայրը սպասում էր նրան: Պատմությանը նայելով հասկանում ես, որ եղբայրը խնդիր ուներ իր էության մեջ՝ սիրո պակաս դեպի իր եղբայրը: Բայց հոր սերը չանտեսեց նաեւ նրան եւ իր սիրո խրատն էլ շտկեց տրտնջացող ու դժկամ որդուն...
Խռովությունն ու հեռանալը տանից ոչ մեկի կյանքում օգուտ չի բերել: Բոլոր հարցերի պատասխանը ՀՈՐ տան մեջ է...
Նարինե Մխիթարյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ