Ամենամեծ պատվիրանը

Ամենամեծ պատվիրանը

Մենք կանք, մենք ապրում ենք, և դա Աստծո շնորհիվ է: Մենք մի օր սիրեցինք Հիսուսին, և սովորական, ստանդարտ հավատից փոխվեցինք դեպի կենդանի հավատ: Մի օր հասկացանք, որ Հիսուսը հարություն է առել, Նա ողջ է, և դա մեր ուրախությունն է ու մեր զորությունը:

Վերջին օրերի մասին Պողոս Առաքյալն ասում է.

«…Մարդիկ պիտի լինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր (հաճուքներ սիրող ), քան աստուածասեր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացել են»: 2Տիմ.3:2-5:

Սա գրված չէ միայն աշխարհիկ մարդկանց մասին: Սա առաջին հերթին գրված է եկեղեցու և հավատացյալների համար: Այս տողերը կարդալիս համեմատիր քեզ այս հատկանիշների հետ: Եվ եթե կտեսնես, որ դրանցից թեկուզ մեկը քեզ է վերաբերվում, խնդրիր Տիրոջից, որ քեզ ազատի դրանից:

Կան մարդիկ, «որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ» (2Տիմ. 3:7): Ո՞րն է դրա պատճառը: Որովհետև ճշմարտությունն իր մեջ ունի ոչ միայն գիտելիք, այլև զորություն: Հենց այն զորությունը, որի մասին ասում է. «Նրա զորություն ուրացել են» (2Տիմ. 3:5):

Երբ սադուկեցիները փորձում էին Հիսուսին հակադրել մեռելների հարության իրողության դեմ (Մարկ.12:18-34), Հիսուսն ասաց՝ «…որովհետև ոչ Գրքերը գիտեք և ոչ Աստծո զորությունը»: Սրանով Հիսուսը նշեց, որ Աստծո Խոսքը գիտենալու համար անհրաժեշտ է Աստծո զորությունը: Այդ զորությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով, լցվում է մարդու մեջ և նա կարողանում է ըմբռնել Խոսքն իր ամբողջ խորությամբ: Ու մարդը փոխվում է, նորոգվում է, ուզում է սիրել, ներել, կարեկցել:

Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսն անմիջապես խոսեց ամենակարևոր պատվիրանի մասին: Հին Կտակարանում նրա մասին ակնարկ կա միայն Երկրորդ Օրինաց գրքում (Բ օր.6:5): Ու Հիսուսը հենց դա համարեց ամենակարևոր պատվիրանը.

«Եվ սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ անձովդ, ամբողջ մտքովդ և ամբողջ զորությամբդ. սա է առաջին պատվիրանը»: Մարկ.12:30:

Այս պատվիրանը գրված չէ տախտակի վրա՝ տաս պատվիրանների մեջ: Մարդն այն հասկանում է, երբ Սուրբ Հոգու լեցունությամբ է կարդում Աստծո Խոսքը: Աստծո զորությունը գալիս է նրանց վրա, ովքեր սիրում են Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ: Ամենամեծ պատվիրանը ոչ թե ինչ-որ բան անելու կամ չանելու մասին է, այլ վերաբերմունքի՝ ինչպես վերաբերվել Աստծուն: Եթե սիրես Հիսուսին քո ամբողջ զորությամբ, քո կյանքի մեջ կգա մեծ զորություն և մեծ օրհնություն:

Հիսուսն ասաց, որ միայն Իր հարությունից հետո կիմանան, որ Ինքն է Աստվածը և Ինքն է Ճշմարտությունը (Հովհ.8:26-32):

«Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատի ձեզ»: (Հովհ.8:32): Ճշմարտությունը ճանաչելու համար պիտի ճանաչես հարուցյալ Քրիստոսին: Հենց հարության զորությունն է, որ փրկում է մարդուն, որ արմատախիլ է անում ամեն մեղք ու մարդ սկսում է ապրել Աստծուն հաճելի կյանքով:

Այսօր մեր դարավոր քրիստոնեական պատմություն ունեցող երկրում էլ անհրաժեշտ է, որ մարդիկ դառնան Աստծուն, սիրեն Քրիստոսին` ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով ու ամբողջ զորությամբ: Միայն այդ դեպքում Աստված կդառնա մեր երկրի իրական Տերն ու կօրհնի երկիրն ու մեր ազգը:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ