Արդար ընտրություն

Արդար ընտրություն

Հայաստանը թևակոխում է պատմական նոր փուլ: Քրիստոնյաները պետք է հետաքրքրված լինեն, որ բոլոր փոփոխությունները լինեն Աստծո կամքով:

Այսօր շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում ապրել օրհնված երկրում: Չենք պատկերացնում, օրինակ, թե ինչպես կարող է թոշակառուն տարեկան երկու-երեք անգամ գնալ հանգստանալու: Օրհնված երկրի հիմքում ընկած է Աստծո արդարությունը:

«Արդարությունը բարձրացնում է ազգը, բայց մեղքն անարգանք է ժողովուրդներին»: Առ.14:34:

Եթե իշխանության վերին օղակներում մեղք կա, ապա ժողովուրդը անարգված կլինի, բայց եթե տիրում է արդարությունը, ապա ժողովուրդն էլ օրհնված կլինի: Հետևաբար ընտրությունը քոնն է՝ մեղք կամ արդարություն: Մեր դիրքորոշումից է կախված երկրի ապագան:

Գեդեոնը արդար առաջնորդ էր: Նա իր ժողովրդին ազատեց բոլոր թշնամիներից և քառասուն տարով խաղաղություն բերեց իր երկրին: Բայց նրա մահից հետո ժողովուրդը հեռացավ Աստծու ճշմարտությունից, արդարությունից ու մոռացավ Գեդեոնի ծառայությունները: Աբիմելեքը՝ Գեդեոնի որդին իր հարճից, գնաց իր մոր ազգականների մոտ և դրդեց նրանց, որ սպանեն Գեդեոնի յոթանասուն որդիներին և իրեն թագավոր օծեն իրենց վրա: Աբիմելեքի հիմնական փաստարկը հետևյալն էր.

«Եւ յիշեցէք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ»: Դատ.9:2:

Եթե քո ընտրությունը հիմնված է բարեկամ, ընկեր, խնամի կապերի վրա, ապա արդյունքը կործանարար կլինի: Բայց սկզբուքային մարդու ընտրությունը հիմնված է ճշմարտության և արդարության վրա: Հավատքի մարդիկ հզոր են, քանի որ չեն դավաճանում իրենց սկզբունքներին ցանկացած իրավիճակում:

Աբիմելեքի հարազատները սպանեցին Գեդեոնի յոթանասուն որդիներին: Միայն մեկը՝ Հովաթամը փրկվեց: Նա բարձրացավ սարի վրա և մի առակ ասաց այն մասին, թե ինչպես ծառերը խնդրեցին ձիթենուն, թզենուն և խաղողի որթին, որպեսզի թագավոր լինեն իրենց վրա: Բայց երեքն էլ հրաժարվեցին: Ձիթենին չցանկացավ թողնել իր պարարտությունը՝ որով պատվում են Աստված և մարդիկ, թզենին չթողեց իր քաղցրությունը, իսկ որթը չկամեցավ թողնել Աստծուն և մարդկանց ուրախացնող գինին:

Ծառերը խնդրեցին դժնիկին, որ նա թագավորի իրենց: Դժնիկը, որ ընդամենը մի գաճաճ փուշ էր, իր պայմանը դրեց ծառերի առաջ.

«Եթե դուք իսկապես ուզում եք ինձ ձեր թագավորը դարձնել, եկեք նստեք իմ հովանու տակ, եթե ոչ, թող դժնիկից կրակ դուրս գա ու Լիբանանի եղևնիներն այրի»: Դատ.9:15:

Եթե թագավորը Աստծուց չի, դա շատ վտանգավոր է: Աբիմելեքը կոտորեց ժողովրդին և, ինչպես Հովաթամն էր մարգարեացել դժնիկի մասին, Աբւմելեքը կենդանի-կենդանի այրեց մոտ 1000 հոգու`այսինքն իր ընտրողներին: Այդ պատճառով ժողովուրդը զղջաց, որ Աբիմելեքին թագավոր էր կարգել: Զղջաց, որ հեռացել էր Աստծուց և մոռացել էր իր հավատքի  հայրերին:

Երբեք չմոռանաս այն մարդուն, ով քեզ առաջնորդել է դեպի Հիսուսը: Երբեք չմոռանաս քեզ բարություն անողներին: Երբեք չմոռանաս հավատքի հայրերին:

Հռոմեացիները Հիսուսի գլխին փշե պսակ դրեցին, հենց այնպիսի փշից, ինչպիսին է դժնիկը: Հիսուսն Իր գլխին դրեց մեղքը: Ո՞վ էր այդ փուշը՝ ես և դու, որ նախկինում մեղքի ու հայհոյությունների մեջ էինք, բայց Հիսուսը իր գլխին դրեց մեզ և ազատեց մեղքից:

Երբեք չմոռանաս քեզ մեղքից Փրկողին:

Հովիվ Տիգրան Թադևոսյանի 09.12.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ