Աստծո «ոչը» դեռ «ոչ մի դեպքում» չէ

Աստծո «ոչը» դեռ «ոչ մի դեպքում» չէ

Աստծուն հնարավոր չէ ճանաչել գրի միջոցով: Աստված օրենքներ է սահմանել ամբողջ տիեզերքի համար, բայց Ինքն ավելի բարձր է, քան Իր սահմանած օրենքները: Սուրբ Հոգին է, որ այս աշխարհ է եկել մեզ Աստծո հետ ծանոթացնելու, Հիսուս Քրիստոսի էությունը մեզ համար բացելու առաքելությամբ:

Մանկուց մեզ հավատացրել են, որ մեր արարքների համար Աստված մեզ կպատժի: Սատանան իր պատկերն է վերագրել Աստծուն: Կրոնն էլ իր հերթին իր պատկերն է ստեղծել Աստծո մասին: Այդ ամենը մեզ հեռացրել են Աստծուց, Նրա ճանաչողությունից:

Աստծուն հնարավոր չէ ճանաչել նկարագրություններով, պատկերներով, գրով: Աստվածաշունչը նրա համար է, որպեսզի իմանանք, որ Հիսուսը Աստծո Որդին է, որպեսզի կյանք ունենանք Նրանով: Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս կյանքի տեղը: Բայց քրիստոնյա լինել՝ չի նշանակում Գիրքը լավ իմանալ, այլ նշանակում է  հաղորդակցվել Աստծո հետ:

«Թող ձեր վրա շնորհ և խաղաղություն ավելանա՝ Աստծո և մեր Փրկչի՝ Հիսուսի գիտությամբ։ Ինչպես Իր աստվածային զորության համաձայն մեզ պարգևեց այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքին և աստվածապաշտությանը՝  Նրան գիտենալու միջոցով…»: 2Պետ.1:2-3:

Աստծուն ճանաչելու համար Պետրոս առաքյալը անհրաժեշտ է համարում ոչ թե օրենքն ու գիրը, այլ շնորհը, խաղաղությունը և Աստծո զորությունը: Հիսուսը հենց դրա համար եկավ, որ ցույց տա մեզ ոչ թե օրենքը, այլ շնորհքը:

Ի՞նչ է շնորհքը:

Աստված օրենք չի, Աստված Սեր է: Սերը բարձր է օրենքից: Հիսուսի սիրտը քար չէ, Նրան հնարավոր է համոզել: Աստված կարող է զղջալ, փոխել միտքը:

«Եվ Եհովան ասաց. Երկրի երեսից ջնջելու եմ մարդուն, որին ստեղծեցի՝ մարդուց մինչև անասունը, սողունը և մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ նրանց ստեղծել եմ»: Ծն.6:7:

Եվ շարունակությունը.

«Բայց Նոյը Եհովայի առաջին շնորհք գտավ»: Ծն.6:8:

Ուրեմն շնորհքը մի բան է, որ աստված անում է ելնելով Իր աստվածային էությունից:

Աստծո շնորհքը միշտ եղել է: Նույնիսկ երբ Աստված Ադամին ու Եվային վտարեց դրախտից, Նա շնորհք ցույց տվեց և նրանց կաշվե զգեստներ տվեց:

Ամեն բան իր գինն ունի, բայց երբ Աստված շնորհք է անում, Ինքն է վճարում այդ գինը: Մեր մեղքերի դիմաց Աստված վճարեց Իր Որդու մահով:

Ոչ ոք չի կարող ամբողջությամբ բավարարել Աստծո օրենքների պահանջները: Միշտ ինչ-որ բան պակաս կմնա: Եվ Աստծո շնորհքն է, որ լրացնում է այդ պակասը:

Աստծուն հնարավոր է համոզել: Հակոբն ամուր բռնել էր Աստծո Հրեշտակին բաց չէր թողնում, որպեսզի ստանա Նրա օրհնությունը: Եվ Աստծո

սկզբնական «ոչը» Հակոբը դարձրեց «այո»:

Աստծո հետ պետք է զրուցել գիտակցելով, որ Նա մեր հայրն է: Երբ Աստված ասում է՝ ոչ, դա դեռ վերջնական չէ, այն դեռ չի նշանակում՝ «ոչ մի դեպքում»:

Երբ Կանայի հարսանիքում գինին վերջացավ (Հովհ.2:1-7), Հիսուսի մայրն այդ մասին ասաց իր Որդուն: Հիսուսի պատասխանն ըստ էության «ոչ» էր: Բայց այնուհանդերձ օգնեց, կատարեց Իր աստվածային հրաշքը, ցույց տվեց Իր շնորհքը:

Քանանացի կինը (Մաթ.15:21-28) հավատում էր, որ Հիսուսը Մեսիան է, և կարող է շնորհ անել: Նա աղաղակում էր Հիսուսին, բայց Հիսուսը մերժում էր նրան: Այդ ժամանակ կինը սկսեց երկրպագել Նրան, շարունակեց համոզել, ու Հիսուսը փոխեց Իր միտքը՝ բժշկեց կնոջ աղջկան:

Դու կարող ես համոզել Աստծուն: Երբ Նա մի անգամ ասում է՝ ոչ, շարունակիր խնդրել, մի՛ հուսահատվիր, երկրպագի՛ր Նրան: Հավատքը համառություն է պահանջում:

Երբեք մի՛ հանձնվիր, և Աստծո «ոչը» կդառնա «ԱՅՈ»:

Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան ( Եբր 13։8 )

Տ. Թադևոսյանի 24.03.2019թ. կիրակնօրյա պատգամից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ