Աստվածապաշտությունը մեծ շահավաճառություն է

Աստվածապաշտությունը մեծ շահավաճառություն է

Հիսուսը եկել է, որեսզի մենք կյանք ունենանք և ավելիով ունենանք: Իսկ սատանայի նպատակը գողանալը, սպանելն ու կորցնելն է (Հովհ.10:10):

Կունենա՞ս կյանք՝ ավելիով, թե՞ սատանան կհասնի իր նպատակին, կախված է, թե որտեղ ես ներդնում քո կյանքը: Եթե ուզում ես կյանք ունենալ և ավելիով ունենալ, պետք է քո կյանքը, քո տաղանդները ներդնես Աստծո Թագավորության մեջ:

Երբ մարդը գումար է ունենում, նա կարող է գնել ինչ ուզում է, նվիրել այդ գումարը, ծախսել կամ ներդնել ինչ-որ գործի մեջ: Գումար ունեցողներին շատերն են խորհուրդներ տալիս, բոլորը ուզում են, որ այդ գումարը ներդրվի ի օգուտ իրենց: Բայց եթե ուզում ես ֆինանսդ շատանա, պետք է այն ներդնես ֆինանսական ոլորտում:

Նույնն էլ կյանքն է: Եվ Հիսուսը, և սատանան ուզում են, որ քո կյանքը ներդնես իրենց թագավորությունում: Սակայն ինչպես ֆինանսները ֆինանս են բերում ֆինանսական ոլորտում ներդնելիս, նույն ձևով կյանքը կյանք կբերի, եթե այն ներդնես Կյանքի մեջ, կյանքը Ստեղծողի թագավորությունում:

«Ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար»: Հռ.6:19:

Որտեղ որ ներդնես քո կյանքը, քո մարմինը, քո տաղանդները, այնտեղից էլ կսնվես:

Մատթևոսն իր շրջապատում ճանաչված, հաջողակ անձնավորություն էր: Բայց Հիսուսը նրան կանչեց, և Մատթևոսը գնաց Նրա ետևից  (Մթ.9:9-10): Եթե մինչ այդ նա ընդամենը մի մաքսավոր էր և նրա անունը պետք է կորչեր պատմության մեջ, Հիսուսի ետևից գնալու շնորհիվ նա դարձավ առաքյալ և ավետարանիչ, ու նրա անունը գիտեն բոլորը: Մատթևոսն իր կյանքը ներդրեց Հիսուսի համար և ստացավ դրա վարձքը:

Երկու ձուկն ու հինգ հացը գուցե կարող էին կշտացնել մի քանի հոգու: Բայց երբ դրանք ներդրվեցին հանուն Հիսուսի, կարողացան կերակրել մի մեծ բազմություն: Եթե քո կյանքը, քո տաղանդները, քո ունեցածը ներդնես Աստծո թագավորության մեջ, դրանք կշատանան ու կբազմապատկվեն:

Մովսեսը չկամեցավ փարավոնի աղջկա որդի կոչվել, այլ ընտրեց Աստծուն ծառայելու ուղին: Ու չնայած կրեց որոշակի տառապանքներ, բայց Աստված բարձրացրեց նրան:

«Մեծ շահավաճառութիւն է իրաւ աստուածպաշտութիւնը բաւականութեան հետ միասին»: 1Տիմ.6:6:

Ծառայելով Աստծուն, դու կունենաս քո շահը՝ բաժնետեր կլինես Աստծո հետ, ժառանգություն կունենաս Նրա թագավորությունում: Քո անունը կգրվի Կյանքի Գրքում և երբեք չի ջնջվի այնտեղից:

 

Տ. Թադևոսյանի 01.12.2019թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ