Ավար հզորների հետ

Ավար հզորների հետ

Մարգարեություները կատարվում են: Մարգարեություն կա, որ արդեն ավարտվել է: Մարգարեություն կա, որ դեռ չի կատարվել: Կան նաև մարգարեություններ, որ կատարվել են և կրկին պիտի կատարվեն: Եսայի մարգարեն ասում է.

«Նրանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակվա ուրախության պես. Ինչպես որ ցնծում են ավար բաժանելիս»: Ես.9:3:

Ավարը պատկանում է հաղթողին: Մեր ճակատագիրը թույլերի ու տկարների հետ չի: Մեր ճակատագիրը հաղթողների հետ է: Մենք հաղթելու ենք հզորների հետ, իսկ հաղթողին սպասվում է մեծ վարձ՝ ավար:

Պողոս առաքյալը հզոր էր: Նա ավար ուներ հավատքի պատերազմից: Մեր ավարը Պողոս առաքյալի հետ կլինի:

Հիսուսը պատերազմել, հաղթել և Իր ավարն առել է: Նա Իր ավարից բաժին է հանել Իրեն հավատացողներին: Գուցե քո կյանքում ժամանակներ են եղել, երբ դու ցանել ես, ուրիշները տրորել են: Բայց կգա ժամանակ, երբ դու կհնձես քո ցանածը, եթե պատերազմես հավատի պատերազմը:

«…Որովհետև նրա ծանրաբեռ լուծը և նրա մեջքի գավազանը, նրա վրա բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրվա պես»: Ես.9:4:

«Մադիամի օրը» Գեդեոնը 300 հոգով հաղթեց մադիամացիներին: Բայց հաղթողը Գեդեոնը չէր, այլ Աստված: Եվ Աստված մեզ խոստանում է, որ մենք էլ կհաղթենք  «Մադիամի օրվա պես»:  Գուցե դեռ ամբողջությամբ չենք ընկալում թե ինչ է նշանակում ավարը բաժանել, բայց Տերը մեզ կարժանացնի դրան, «որովհետև մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կլինի Նրա ուսի վերայ, եւ Նրա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»: Ես.9:6:

Հիսուսը ծնվել է քեզ համար, խաչ է բարձրացել, մեռել և հարություն է առել քեզ համար, որպեսզի պատերազմի և հաղթի քո փոխարեն և դու ավար ունենաս Իր հետ: Դու կարող ես հաղթել, որովհետև Հիսուսը խոստացել է, որ ինչ անում է Ինքը, նույնը և ավելի մեծ բաներ կգործեն նաև իրեն հավատացողները (Հովհ.14:12):

«Նրա համար Նրան բաժին պիտի տամ շատերի հետ, և Նա հզորների հետ ավար պիտի բաժանի: Ես.53:12:

Ովքե՞ր են այդ հզորները, ում հետ Հիսուսը ավար պիտի բաժանի: Այդ մենք ենք՝ ես ու դու, որ հավատացինք, ներեցինք և գթացինք Իր նման: Տերը քեզ կասի՝ Դու հզոր ես, ինչպես Գեդեոնին ասաց, թեև ինքը չէր հավատում, որ հզոր է (Դատ.6:11-12): Գեդեոնը ոչ մի հաղթանակ չէր տարել, Բայց Տերը նրան հզոր անվանեց:

Եթե դու քեզ հզոր չես զգում, եթե ոչ մի հաղթանակ դեռ չես տարել, միևնույնն է՝ դու հզոր ես: Կգա ժամանակը, երբ դու կտեսնես քո հզորությունը և ավար կունենաս հզորների հետ:

Հովիվ Տ.Թադևոսյանի 23.12.2018թ. կիրակնօրյա պատգամից:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ