Ազատվիր ավելորդ բեռից

Ազատվիր ավելորդ բեռից

Կան բաներ, որոնք արգելակում են մարդկանց ուրախությանն ու երջանկությանը: Դրանք հաճախ կարող են  բարու կերպարանք ունենալ, և այդ պատճառով մարդիկ չեն ուզում ազատվել դրանցից: Սակայն ով ազատություն չունի, նա չի կարող երջանիկ և ուրախ լինել: Պողոս առաքյալը, որ ազատության քարոզիչ էր, ասում է.

«Մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառաներ մի եղեք»: 1Կոր.7:23:

Ուրիշներին սխալ ծառայելը, ուրիշներին ոչ ճիշտ օգտակար լինելը երբեմն կարող է վնասել մեր ուրախությանն ու երջանկությանը: Կան մարդիկ, ովքեր իրենց հոգսը գցում են ուրիշների վրա, որպեսզի միշտ լինեն ուշադրության կենտրոնում: Նրանք ուզում են, որ իրենց խղճան, զբաղվեն իրենցով, լուծեն իրենց խնդիրները:

Աշխարհում կան ոչ միայն այդպիսի մարդիկ, այլև ամբողջ ազգեր: Մեր ազգը հիմնականում տխուր է, որովհետև մենք սիրում ենք ապրել ուրիշի կյանքով: Դիմացինի անհաջողությունները հաճախ մեզ ավելի են տրտմեցնում, քան հենց իրենց: Մենք ապրում ենք մեր երեխաների հոգսերով, մեր ծնողների հոգսերով, մեր թոռների, հարազատների, մտերիմների հոգսերով:

Սակայն հարկավոր է սահմաններ գծել սեփական երջանկության և ուրիշների հոգսերի միջև:  Երբ դիմացինդ ինքը չի ուզում դուրս գալ իր վատ վիճակից, այլ իր բեռը գցում է քեզ վրա, պետք չէ տրվել այդ մանիպուլյացիային, պետք չէ նրա փոխարեն հոգս անել՝ վնասելով սեփական երջանկությունը:

Ասվածը կարող է ըկալվել որպես էգոիզմ: Սակայն դիմենք Աստվածաշնչին: Տասը կույսերից հինգը իմաստուն էին, հինգը հիմար (Մաթ.25:1-13): Իմաստուն կույսերը չօգնեցին հիմարներին, իրենց յուղը նրանց չտվեցին: Բայց Հիսուսը նրանց չանվանեց եսասեր, այլ անվանեց իմաստուն և նրանց հետ մտավ հարսանիքի:

Կան մարդիկ, որ բեռնված են և ուզում են, որ ուրիշներն էլ իրենց նման բեռնված լինեն: Բայց Աստված չի ուզում, որ բոլորը բեռնված լինեն, այլ ընդհակառակը, Նա ուզում է, որ բոլորն ազատվեն բեռից՝ իրենց բեռները Հիսուսին տալով:

Գաղատացիների թղթում գրված է. «Միմյանց բեռը կրեցեք և այսպիսով կատարեցեք Քրիստոսի օրենքը»: (Գաղ.6:2):

Բայց մի փոքր հետո ասվում է. «…որովհետև ամեն մեկն իր բեռն է կրելու»: (Գաղ.6:5):

Կարող է թվալ, թե առաքյալը հակասում է ինքը՝ իրեն: Սակայն բնագրի այս երկու համարներում բեռ բառի փոխարեն օգտագործված են երկու տարբեր բառեր: Առաջին դեպքում դա ծանր բեռն է, ծանրությունը: Դրանք այն խնդիրներն են, որ կարող են գալ անսպասելիորեն՝ հարազատի կորստի, դժբախտ պատահարի, հիվանդության, ֆինանսական անսպասելի անկման և այլ պատճառներով: Այս դեպքում պետք է կիսել դիմացինի բեռը, օգնել նրան, որ դուրս գա իր կամքից անկախ առաջացած ծանր վիճակից:

Երկրորդ դեպքում բեռը մարդու առօրյա հոգսն է, գործը, պարտականությունը: Այս դեպքում պետք է թույլ տալ, որ մարդը ինքը լուծի իր առջև եղած խնդիրներն ու իր առօրյա հոգսերը: Այս դեպքում, եթե դու քեզ վրա վերցնես նրա բեռը, նրան կարող է թվալ, թե դա բնական և միշտ իր հոգսերը քեզ վրա կգցի: Չի կարելի գողանալ ուրիշի ուրախությունը քո խնդիրներով:

Եթե մարդը չի ուզում ազատվել իր խնդիրներից,  ապա քո օգնությամբ դու միայն կխանգարես նրան: Թույլ տուր, որ ինքը հասկանա խնդիրներից ազատվելու անհրաժեշտությունը և ջանք անի դրա համար:

Մի՛ ապրիր ուրիշի կյանքով, գցի՛ր այդ բեռը քո ուսերից: Հիսուսն Իր կյանքը տվեց, որ մեզ ազատի մեղքի բեռից, բայց մենք հաճախ դրա փոխարեն ուրիշի բեռն ենք վերցնում մեզ վրա: Օգնիր ուրիշին, բարություն արա, բայց նրա բեռի տակ մի մտիր: Մի՛ տուր քո յուղը ուրիշներին՝ դա չի կոչվի էգոիզմ, դա կկոչվի իմաստություն:

Տիգրան Թադևոսյանի 18.11.2018թ. կիրակնօրյա պատգամից:

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ