Դու Աստծո բաց նամակն ես

Դու Աստծո բաց նամակն ես

Մենք՝ քրիստոնյաներս, ուղարկված մարդիկ ենք և ուղարկվել ենք հատուկ նպատակով: Մեր նպատակը Ավետարանը տարածելն է: Մեզ հետ գործ ունի Ինքը՝ տիեզերքի Արարիչը: Ավելին՝ Նա բնակվում է մեր մեջ: Ոմանք երբեմն վախենում են Նրա ներկայությունից, որովհետև Նա տեսնում է մեր բոլոր մտքերն ու սրտի խորհուրդները:

Բայց այդ ամենը տեսնելով հանդերձ Նա սիրում է մեզ ու ներում է մեզ: Մենք էլ պետք է Նրա նման լինենք՝ սիրենք և ներենք:

Հավատացյալները Պողոս առաքյալին թերահավատորեն էին մոտենում: Նույնիսկ մեղադրում էին, թե նա չի տեսել Հիսուսին և երաշխավորական նամակներ էին պահանջում: Որքա՜ն ցավալի էին Պողոսի համար այդ մեղադրանքները ու կասկածանքները: Բայց նա չէր փորձում արդարանալ և թղթեր ներկայացնել, այլ գրում է.

«Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։ Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. Եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ»: 2Կոր.3:2-3:

Աստված Իր ծրագրերն իրականացնելու համար մեր շուրթերի, ձեռքերի և ոտքերի կարիքն ունի: Սակայն Աստված ամենից շատ մեր սրտերի կարիքն ունի: Նա ուզում է ուղիղ կապ ստեղծել Իր և մեր սրտերի միջև:

Աստված ուզում է մեր սրտերի մեջ գրել Իր Խոսքը:

Եթե քո սրտի տախտակներին գրված է այն, ինչ ցանկացել է գրել Աստված, ապա այդ Խոսքը կլինի օրհնված և օծված:

Սկզբում Պողոսի սրտում ոչինչ գրված չէր: Աստծո օրենքը գրված էր նրա ուղեղում: Եվ այդ նախանձավոր մարդուն թվում էր, թե հալածելով և սպանելով քրիստոնյաներին ինքը Աստծո գործն է անում: Բայց եթե նախանձավորությունը գրված չէ սրտում, ապա այն վերածվում է դիկտատուրայի:

Աստված քո սրտի կարիքն ունի, որպեսզի այնտեղ գրի Իր Խոսքը:

Քո սրտի կարիքն ունի նաև սատանան: Նա ջանում է ջնջել քո սրտից այն ամենը, ինչ գրել է այնտեղ Աստված, և գրել իր ուզածը: Դիմակայիր սատանային և թույլ տուր որ Աստված գրի քո սրտի տախտակներին:

«Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն», ասում է Տերը (Երեմ.31:33):

Քո սիրտը Հիսուսինն է: Հիսուսը Աստծո բաց նամակն էր՝ ուղղված մարդկությանը:

Եթե բացել ես քո սիրտը Աստծո առաջ և թույլ ես տվել, որ Նա քո սրտում գրի Իր Խոսքը, ապա դու Հիսուսի նման ես:

Դու Աստծո բաց նամակն ես:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ