Երաշխավորված ապագա՝ խնդիրների փոխարեն

Երաշխավորված ապագա՝ խնդիրների փոխարեն

«Արդ Նրան, Ով կարող է խիստ առատութեամբ մեր խնդրածից կամ խորհածից շատ ավելին անել, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, Նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր դարերում, հավիտյանս հավիտենից։ Ամեն»: Եփ.3:20-21:

Աստված իհարկե կարող է ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ նույնիսկ կարող ենք մտածել: Աստված Ինքը մտածում է Իրեն հավատացողների մասին: Մարդկանց ծրագրերը հաճախ չեն համընկնում Աստծո ծրագրերի հետ:

Աբրահամն ընդամենը երեխա էր ուզում: Բայց Աստված Աբրահամի համար ավելին էր նախատեսել: Աստված նախատեսել էր, որ Աբրահամին կդարձնի ազգերի հայր և նրա սերնդով կօրհնվեն շատ ազգեր:

Աստված կատարեց Աբրահամի խնդրանքը՝ նրան զավակ տվեց: Բայց մի օր Աստված ետ ուզեց այն, ինչ տվել էր, ետ ուզեց նրա որդուն՝ Իսահակին: Աբրահամը, որ տասնամյակներ սպասել էր որդի ունենալուն, հնազանդվեց Աստծո խոսքին: Այդ պահից օրհնությունները սկսեցին թափվել Աբրահամի վրա:

Աբրահամի սերնդից ծնվեց Հիսուսը, Ով դարձավ օրհնություն բոլոր ազգերի համար: Հնազանդությունն օրհնություն է բերում:

Եթե հավատում ես Աստծուն, ապա պետք է համբերությամբ սպասես, և Աստված Իր ծրագրերը կիրականացնի քո կյանքում: Եթե խնդիրներ ունես, աղոթում ես, դիմում ես Աստծուն, բայց պատասխանն ուշանում է, ուրեմն Աստված ավելի կատարյալ ծրագրեր ունի քեզ համար: Եթե Աստված քեզնից ինչ-որ բան է ուզում, ուրեմն ավելին է տալու քան դու ես տվել:

Մի՛ տրտնջա, հավատարիմ եղիր մինչև վերջ, ինչպես Աբրահամը, հավատա՛, համբերի՛ր, խոնա՛րհ եղիր Աստծո Խոսքին, և կստանաս Աստծո խոստմունքը:

Հիսուսը հավատարիմ մնաց մինչև վերջ, մինչև մահ,  այն էլ խաչի վրա: Հայրն էլ Նրան թագավոր կարգեց ամբողջ տիեզերքի վրա:

Տ.Թադևոսյանի 03.02.2019 թ. կիրակնօրյապատգամից:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ