Հավատ, որ սիրով է գործում

Հավատ, որ սիրով է գործում

Սիրո անվերջ և անսպառ թեմային էր նվիրված «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի դեկտեմբերի 13-ի կիրակնօրյա պատգամը:

Այս աշխարհում ապրելով չենք կարող ամբողջությամբ ճանաչել Աստծուն: Բայց կգա մի օր, երբ կկանգնենք Նրա առաջ, կտեսնենք Նրան ու կճանաչենք: Քանի որ կսռնանք Նրա մասնիկը:

Նրան տեսնելու, ճանաչելու համար առաքյալն ասում է.

«Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. Եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ»: 1Կոր.12:31:

Կորնթացիների եկեղեցում կային բոլոր տեսակի պարգևները՝ լեզուներ, բժշկություններ, մարգարեություններ… Բայց առաքյալն ավելին կատարյալ ճանապարհ է խոստանում՝ Սերը:

«Ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է»: 1 Կոր.13:13:

Կան մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն: Կան նաև մարդիկ, ովքեր սիրում են Աստծուն: Սերն ավելին է, քան հավատը: Որովհետև եթե սիրում ես, ուրեմն հավատում ես: Ավելին՝ ուրեմն ճանաչում ես Նրան:

Մեզ երկինք տանողը պարգևները չեն: Պարգևներն անհրաժեշտ են աշխարհում: Բայց երկինք տանում է Սիրո ճանապարհը:

Ինչպես իմանալ, սիրո՞ւմ ես արդյոք Աստծուն: Դու սիրում ես Աստծուն, եթե քո բոլոր գործերում մշտապես մտածում ես Նրա մասին:

«Վասնզի Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութինն է մի բան կարող, եւ ոչանթլփատութիւնը. այլ հաւատքը որ սիրով գործում է»: Գաղ.5:6։

Հարցրեք մարդկանց, թե ո՞վ է Հիսուսը: Մարդիկ կասեն՝ Աստծո Որդին, մարդկանց Փրկիչը, աշխարհի Փրկիչը: Բայց եթե մեկը սիրում է Հիսուսին, ապա կասի՝ Նա իմ Տերն է ու իմ Փրկիչը:

Հիսուսն Իր կյանքը տվել է անձամբ քեզ համար և ցանկանում է, որ դու անձնական հարաբերություններ ունենաս Իր հետ, սիրես Իրեն:

Սիրելու համար ուժ է պետք: Սիրո վրա աշխատել է պետք: Մտածի՛ր Տիրոջ մասին, Նրա գործերի մասին, և կսիրես Նրան: Եվ Իրեն սիրողների համար Աստված խոստմունք ունի.

«Ինչ որ աչք չ’տեսաւ եւ ականջ չ’լսեց եւ մարդի սիրտ չ’ընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»: 1 Կոր. 2:9:

Եթե խնդիրներ ունես, դժվարությունների մեջ ես, ապա քեզ Սեր է պետք:

Հավատք է պետք, որը գործում է Սիրով:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ