Լինելով ավետարանական քրիստոնյա՝ այսօր շատ լուրջ իրավական խնդիրների հետ կարող ես բախվել

Լինելով ավետարանական քրիստոնյա՝ այսօր շատ լուրջ իրավական խնդիրների հետ կարող ես բախվել
Նյութն արտատպված է religions.am կայքից
Գոռ Կարապետյան, Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու երիտասարդական ծառայությունների կորդինատոր
-Շատ կարճ կներկայացնե՞ք Ձեր եկեղեցին:
-Հայաստանի «Նոր Սերունդ» եկեղեցին, որն ավելի շատ երիտասարդական քրիստոնեական շարժում է, բնական ծագում է ունեցել: Դրա ստեղծմանը չեն մասնակցել ոչ մի արտաքին ուժեր և ներդրումներ: Այն ստեղծվել, ձևավորվել ու զարգացել է մի քանի առաջադեմ մտածող հայ քրիստոնյա երիտասարդ ընտանիքների միասնական ջանքերի շնորհիվ և արդեն շուրջ 10 տարի շարունակում է գործել ու ստեղծագործել Հովիվ Տիգրան Թադևոսյանի ու շատ քրիստոնյաների մեծ նվիրման ու ջանքերի շնորհիվ: 2003թ. այն միացել է «Նոր սերունդ» համաշխարհային եկեղեցական շարժմանը, քանի որ գաղափարաբանական հայացքներով մոտ էր կանգնած հատկապես այդ շարժմանը:
«Նոր Սերունդ»  եկեղեցու գործունեության նպատակն է՝ քրիստոնեական արժեքների տարածումը հասարակության մեջ, մարդկանց հոգևոր լուսավորությունն ու աջակցությունը, առողջ ընտանիքի և սերնդի ձևավորմանն ու դաստիարակությունը:
-Պարոն Կարապետյան, Հայաստանում գործող կրոնական համայնքների գործունեությունը մամուլում չի ներկայացվում: Հանրության մի զգալի հատվածը կասկածանքներով է վերաբերվում կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Ձեր եկեղեցին ինչպեսի՞ ծրագրեր է իրականացնում երիտասարդների համար:
-Արդեն տասը տարուց ավելի Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցում ներգրավված եմ երիտասարդների հետ տարվող աշխատանքներում: Հիմնականում կորդինացնում եմ կրթական և հաղորդակցական ծրագրերը, այս նպատակով կազմակերպում ենք ամենամյա ճամբարներ, սեմինարներ, թրեյնինգներ, երեկույթներ, քննարկում-բանավեճեր և այլն: Եվ այս ամենը զուտ ժամանցային բնույթ չի կրում: Պետք է նկատենք, որ այսօր իսկապես կարիք կա խոսելու շատ կարևոր, թվում է թե պարզ թեմաների մասին` ամենապարզ վարվեցողության կանոններից սկսած` մինչև խորը հոգևոր սկզբունքները և օգնել հայ երիտասարդներին հասկանալ, գիտակցել և կիրառել դրանք իրենց կյանում: Մեր ծրագրերը օգնում են ոչ միայն անհատական հոգևոր և մտավոր աճ ունենալ, այլ դառանալ առավել սկզբունքային, կրետաիվ, ժամանակակից մարտահարվերներին դիմակայող և մեծ հաշվով՝ ավելի պիտանի հասարակության համար: Արդյունքում՝  կարող եմ վստահաբար ասել, որ յուրաքանչյուր քրիստոնյա երիտասարդ, անկախ այն հանգամանքից, թե որ հարանվանությանը կամ եկեղեցուն է անդամակցում, առավել սկզբունքային է, հավակնոտ, ազնիվ և հայրենասեր: Նման երիտասարդներն իրենց բառերից սկած, մինչև գործողությունները, շատ սկզբունքային, բծախնդիր և հետևողական են: Եկեք ընդունենք, որ այսպիսի անհատների կարիք հասարակությունն իսկապես ունի, և նրանց շատ չես հանդիպի այսօր մեր կոմպրոմիսային իրականության մեջ: Նրանց պակասը զգացվում է ամենուր: Բայց, գուցե դեռևս շատերը խորը չեն գիտակցում` թե՛ գործատուները, թե՛ բանակը և թե՛ հասարակությունն՝ ընդհանրապես, որ նման անհատներն առավել վստահելի, ազնիվ ու բարեխիղճ են իրենց անձնական կյանքում և աշխատանքում: Նրանք կարող են լինել լավ ծնողներ, ուսանողներ, ծառայողներ, մասնագետներ, որովհետև ունեն անձնային դրական որակներ կամ գոնե զբաղվում են դրանց զարգացմամբ: Իհարկե, լինում են նաև բացառություններ, բայց ընդհանուր միտումը դրական է հաստատ: 
Սակայն բազմաթիվ խնդիրների եմ ականատես լինում, որոնց հետ բախվում է ժամնակակից քրիստոնյա երիտասարդը, և այդ խնդիրների շարքում կցանկանամ առանձնացնել մի քանիսը ՝ սոցիալական, մշակութային, օրենսդրական:
-Կնկարագրե՞ք այդ խնդիրները:
-Բոլորիս համար էլ պարզ է, թէ ինչպիսի սոցիալական բարդություններ կան երկրում: Այսօր մարդիկ խնդիր ունեն օրվա հացի, հագուստի, երբ օրը սկսվում և ավարտվում այս՝ ժամնակակից աշխարհում արդեն պարզագույն դարձած խնդիրների լուծմանն ուղղված գործողություններով, ապա հոգևոր, ինտելեկտուալ արժեքները և հեռահար նպատակները հայտնվում են երկրորդական, եթե ոչ ավելի հետին պլանում: Արդյունքում գիտությունը, կրթությունը, ինքնազարգացումը այլևս արդիական չեն, և գաղտնիք չէ, որ այսօր բազմաթիվ երիտասարդների համար իրենց կյանքի նշաձողի հնարավոր ամենաբարձր կետը դարձել է  ինչ-որ մի ազդեցիկ մարդու թիմում հայտնվելը  և այդպես կայանալը, որպեսզի ընդունելի դառնալ հասարակության կողմից: Աղջիկների համար` այդ նույն թիմակիցների սիրուհիներ  լինելը, նորից կայանալու, նորից ինչ որ առաջընթաց ունենալու միջոց է: Հասկանալի է, որ նման իրավիճակում բարոյական և վեհ գաղափարներ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Երբ նման արժեքները լայն տարածում են գտնում, ապա հակառակը համոզելը և տարածելը անշնորհակալ գործ է դառնում, բայց հավատացեք, ինչ-որ չափով ստացվում է: Այս տարիների ընթացքում չեմ կարող ասել, որ մեր տարած աշխատանքերի արդյունքները շատ տպավորիչ են, բայց պետք է արձանագրենք, որ ականատես ենք եղել բազմաթիվ փոխված կյանքերի, վերականգված ընտանիքների, մոտիվացված երիտասարդների, որոնք լի են աշխատելու ու արարելու եռանդով: Մյուս կողմից, այս ֆոնի վրա շատ դժվար է հենց երիտասարդ քրիստոնյայի համար ոչ միայն խոսել բարոյական և հոգևոր արժեքների մասին իր շրջապատում, այլ կրել ու պահպանել դրանք, որովհետև արտաքին ազդակները շատ բացասական են ու ճնշող, բայց ինչև է, կան բազմաթիվ ուսյալ, ազնիվ և կայացած քրիստոնյա երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրն  իր ոլորտում ունի գրանցված հաջողություններ, ձեքռբերումներ և շարունակում է ձգտել ավելիին և բաժնեկցել դրանցով այլոց հետ:
Մշակութային առումով կարող եմ ասել հետևյալը, քանի որ մենք ապրում ենք քրիստոնեական արմատներ ունեցող երկրում, ուր քրիստնեությունն ու ազգային ինքնագիտակցությունը մեկացվում են, ապա կրոնական հողի վրա առաջ եկող դիսկրիմինացիան, ցավոք, անխուսափելի է: Բանավեճ, երկխոսություն գրեթե չկա, իսկ եթե կա էլ, ապա այս մակարդակով՝ եթե հայ ես ուրեմն քրիստոնյա ես: Ինչը պարզապես աբսուրդ է, որովհետև այստեղից հակընդդեմ հարց է ծագում, եթե քրիստոնյա ես, ուրեմն հա՞յ ես, իհարկե՝ ոչ: Տպավորություն է ստեղծվում, որ մենք նախքան Քրիստոսը քրիստոնյաններ ենք եղել: Նախ քրիստոնեությունը բացի լայն իմաստով կրոն լինելուց, նեղ իմաստով նաև մտածելակերպ է, կենսակերպ և վերջապես՝ կյանք: Մենք պարծենում ենք, որ առաջին քրիստոնեկան պետությունն ենք, բայց չենք էլ ամաչում, որ մեր բազմաթիվ բնակարնների վրա կամ մեքենաների մեջ մինչև հիմա փակցված է սնոտիապաշտական ատրիբուտներ՝ նալ, փուշ, սխտոր, ասեղ, աչք ևն: Մենք սուրճի բաժակի միջոցով փորձում ենք հստակեցնել մեր անորոշ ապագան, օր ու գիշեր թերթերով, համացանցով ու հեռուստատեսությամբ հրամցվող հորոսկոպների  միջոցով մեր օրն ենք պլանավորում և հետո էլ պնդում ենք, թէ  մենք մեր ավանդական կրոնի նվիրյալ հետևորդներ ենք: Երբ քրիստոնեությունը զուտ կրոն, ոչ թէ կենսակերպ է՝ մենք ունենում ենք վերոնշյալ պատկերը, իսկ երբ կենսակերպ է դառնում, ապա ակամայից առաջ են գալիս զսպողական անհասկանալի մեխանիզմներ՝ աղանդավոր, դավաճան պիտակավորումները, սուտ ու հիմնականում մանիպուլատիվ բնույթ կրող հրապարակումներ ու ռեպորտաժներ և այլն: Այն-ինչ յուրաքանչյուր՝ իսկապես քրիստոնյա երիտասարդ, վստահ եմ, որ պակաս հայրենասեր , մարդասեր ու համամարդկային արժեքներ կրող չէ, քան իրեն հայ քրիստոնյա համարող որևիցէ այլ մեկը: Մենք բոլորս այս հողում ենք ծնվել ու մեծացել, անցել մեր զինվորական ծառայությունը, այստեղ և ոչ թէ դրսում ենք փորձում կառուցել մեր ապագան: Համերաշխ գոյակցության համար անհարժեշտ է հանդուրժողականություն, միգուցէ և կարելի է չհամաձայնվել մեզ պես չմտածողների հետ, բայց ընդունել նրանց այնպես, ինչպես կան, դա արդեն բարձր մշակույթի դրսևորում է, կարելի է ասել քրիստոնեական բարձր մշակույթի:
Օրենսդրական առումով  կասեմ հետևյալը՝ լինելով ավետարանական քրիստոնյա՝ այսօր շատ լուրջ իրական խնդիրների հետ կարող ես բախվել: Քանի որ Հայ առաքելական եկեղեցին  ունի գերիշխող դիրք, գտնվում  է պետության հովանու ներքո, որպես կրոնական կազմակերպություն ունի բազմաթիվ արտոնություններ, ստեղծվում են ոչ հավասար պայամններ` ոչ միայն մյուս կրոնական կազմակերպությունների գործունեության համար, այլև այլ դոմինացիաների հետևորդների, անդամների, անհատների ապրելու, աշխատելու, որևիցէ մի ոլորտում առաջխաղացում ունելու առումով: Վստահ եմ՝ Դուք ինքներդ էլ լսած կլինեք դեպքեր, երբ մարդիկ աշխատանքից ազատվել են միայն նրա համար, որ ավետարանական հավատքի քրիստոնյաներ են, և այս դեպքում ոտնահարված իրավունքների վերկանգման մասին խոսելն առնվազն անիմաստ է: Ծաղրի և քամահրանքի են արժանանում երիտասարդները բուհերում, դպրոցներում, որովհետև տրամաբանություն չեն տեսել, ասենք՝ կրակի վարայով թռչելու կամ իրենց համար որևիցէ մի անհասկանալի ծիսակարգի մասնակցելու մեջ, դեպքերն ու օրինակները բազմաթիվ են: Բայց սրանք հետևանք են: Լուծումը պատճառների ոլորտում է պետք փնտրել: Շատ առաջավոր երկրներում բոլոր եկեղեցիներն ունեն նույն իրավական կարգավիճակը, հետևաբար նրանց հետևորդներն էլ հավասար են, թէ’ իրավունքների թէ’ պարտավորությունների առումով: Ամենևին չթերագնահատելով Հայ եկեղեցու պատմական դերակատարումը մեր ժողովրդի կյանքում, այնուամենայնիվ՝ պետք է խղճի և կրոնի ազտության ոլորտում հստակեցում մտցնել և չթույլատրել որևիցէ առանձնաշնորհ, գերիշխող դիրք, քանի որ դա լի է բացասական հետևանքներով: Պետք է սահմանադրությամբ ամրագրած բոլոր իրավունքները  հստակ օրենսդրական կարգավորում ստանան, և դրանց պահպանումը պետք է երաշխավորվի համապատասխան կառույցների կողմից, որպեսզի ստեղծվի առողջ միջավայր՝ հասարկության տարբեր խմբերի, ինչպես առանձին-առանձին գործունեության, այնպես էլ արդյունավետ համագործակցության համար, որից կշահի միայն ամբողջ հանրությունը:
-Ի°նչ հեռանկարներ եք տեսնում այս խնդիրների լուծման հարցում:
-Մեր զրույցը մի փոքր բացասական նրբերանգով ընթացավ, բայց սա է իրականությունը, պետք չէ այն թաքցնել, պետք է այս խնդիրները վեր հանել, վերլուծել և գտնել լուծումներ: Իսկ հեռանկաների մասով ասեմ, որ այս ամենին զուգահեռ ես ու ինձ նման տասնյակ հազարավոր երիտասարդ ՀՀ քաղաքացիներ շարունակում ենք հավատալ և պայքարել ավելի ազատ, օրհված և հաջողակ ապագայի համար: Յուրաքանչյուրս առաջնորդվում ենք «ավելի լավ է մի փոքրիկ մոմ վառել քան անիծել մթությունը» կարգախոսով: Մենք չենք բռնում արտագաղթի ճանապարհ, չենք հանձնվում օտարեկրյա պետությունների հոգածությանը, այլ շարունակում ենք ապրել այստեղ, ծառայել մեր բանակում և մեր մեծ կամ փոքր ներդրումն ունենալ մեր երկրի ապագայի կառուցման հարցում` անկախ գնահատականներից, քանի որ արդյունքններն առավել կարևոր են: Ինչպես Մայր Թերեզան է ասել. «Տու՛ր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները, բայց տու՛ր աշխարհին քո ունեցած ամենալավը` ամեն դեպքում»: 
Ուստի, անկախ սոցիալական, մշակութային, օրենսդրական խնդիրներից, այնուամենայնիվ, մենք փորձում ենք տալ մեր երկրին մեր ունեցած ամենալավը, քանի որ սիրում ենք Հայաստանը, սիրում ենք մեր ժողովրդին և սիրում ենք Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, ով խաչվեց բոլորի, այդ թվում՝ մեր ժողովրդի համար: 



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ