«NG | YOUTH» երիտասարդական ծառայությունը վարեց Գոռ Կարապետյանը

«NG | YOUTH» երիտասարդական ծառայությունը վարեց Գոռ Կարապետյանը

Հունվարի 26-ին «Նոր սերունդ» եկեղեցում տեղի ունեցավ հերթական ընդհանուր երիտասարդական ծառայությունը: Փառաբանությունից հետո երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը ծառայեց իր խոսքով: 
Նա կոչ արեց երիտասարդներին ավելի մոտենալ Աստծուն` ընդլայնելով ճանաչողությունը Նրա մասին:
«Աստված կանչել է մեզ Իր Արքայության մեջ ու Նա կարող է հզոր գործեր կատարել իմ ու քո կյանքի մեջ, եթե մենք Մաթեոսի նման ամբողջապես որոշենք գնալ Տիրոջ հետևից: 
Տաղանդների առակում (Մատթ. 25:24)  ներկայացված երրորդ ծառան թաքցրել էր իր տաղանդը հողում՝ Տիրոջ մասին սխալ պատկերացում և սխալ ճանաչողություն ունենալու պատճառով։ 
Մեր վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ ձևավորում է մեր վարքագիծը: Մենք պետք է ավելիով ճանաչենք Աստծուն, ընդլայնենք մեր ճանաչողությունը Նրա մասին: Եթե Աստծո խոսքը բնակվի մեր մեջ  (1 Հովհ. 2:12-14), ապա այն դատարկ չի դառնալու Իրեն, և այդ ժամանակ մենք կմտնենք մեր կոչման մեջ և կդառնանք զորավոր (Եսայի 55:10-11) :
Դանիելի մարգարեությունում մենք տեսնում ենք Դանիելի և նրա ընկերների օրինակը: Երբ Դանիելն իր սրտում որոշեց չօգտվել թագավորական սեղանից, պահել Աստծո խոսքը, Աստծո սկզբունքը, Աստված հրաշալի կերպով զորացրեց նրանց, նրանց դեմքերն ավելի կարմիր էին, մարմիններն՝ ավելի գեր ու առույգ, քան մյուսներինը ,և նրանք շնորհք գտան բոլորի մոտ: 
Եթե մենք էլ հրաժարվենք աշխարհային սկզբունքներից, քայլենք Աստծո խոսքի մեջ,կատարելով Նրա կամքն ու ամբողջապես տրվելով Նրան, Աստված կօրհնի ու կզորացնի մեզ»:
Ծառայությունն ավարտվեց աղոթքով և երկրպագությամբ, որից հետո փոքրիկ հյուրասիրության շուրջ երիտասարդները շփվում էին և կիսվում կարծիքներով:
Կարծիքներ
 Ես շատ օրհնված էի այսօրվա ծառայությունից, հատկապես ինձ դուր եկավ և սթափեցրեց Գոռի այն խոսքը, որ Աստծո խոսքը չպետք է միայն իմանալ, այն պետք է բնակվի մեր մեջ: Եվ իսկապես Աստծո խոսքը յուրաքանչյուր հավատացյալի կյանքում ոչ թե տեսական կամ իմացական մակարդակի վրա պետք է լինի, այլ այն պետք է անցնի գործնական փուլ, դառնա մեր կյանքը, իսկ Աստվածաշունչը մեր կյանքի ուղեցույցն ու ապրելակերպը: Ես շատ ուրախ էի, որ մասնակցեցի երիտասարդական ծառայությանը և կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները կենսական անհրաժեշտություն են մեզ համար:  
Ռուզաննա Դալաքյան
Մենք ամեն տեղ պետք է կարողանանք պահպանել մեր կարծիքն ու «չլղոզվել» հասարակության հետ: Պետք է հայտնենք, որ մենք հոգևոր մարդիկ ենք ու չպետք է մտածենք, որ հնարավոր է մեզ լավ չհասկանան և ուրիշ ձև վերաբերվեն, քանի որ մենք կատարում ենք Աստծո կամքը, շարժվում Նրա խոսքով, ու դա է միակ ճշմարտությունը:
                                                                                                               Կարո Հովակիմյան
Իմ սրտին շատ դիպավ Դանիելի օրինակը. նա հրաժարվեց արքայական սեղանից, սակայն Աստծո օգնությամբ դարձավ ուրիշներից ավելի գեր և առույգ: Մենք էլ, եթե հրաժարվենք այն ամենից, ինչ աշխարհն է մեզ առաջարկում և ընտրենք կյանքն Աստծո մեջ, Նա մեզ կբարձրացնի ու կզորացնի:
                                                                                                                        Տիգրանուհի Միրզոյան

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայության հաջորդ հինգ  հանդիպումները նվիրված կլինեն նախամուսնական և ընտանեկան խնդիրների վերհանմանն ու պարզաբանմանը։ Սեմինարների շարքը կվարի հովիվ Տիգրան Թադևսոյանը։
Գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 077 277 214  հեռախոսահամարով։
«NG | YOUTH»



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ