Ոչ մեկը չունեմ…

Ոչ մեկը չունեմ…

Հիսուսը Երուսաղեմում, Բեթհեզդա կոչվող ավազանի մոտ էր: Այնտեղ խիստ շատ մարդ կար: Այնտեղ էր նաև մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր:

- Կամենո՞ւմ ես առողջ լինել,- հարցրեց նրան Հիսուսը: Մարդը պատասխանեց.

- Տեր, մարդ չունեմ, որ երբոր ջուրը շարժվում է՝ ինձ ավազանի մեջ գցի: (Հովհ.5:1-16):

Ավազանի մոտ շատ մարդ կար: Բայց հիվանդն ասաց՝ մարդ չունեմ: Այդքա՜ն մարդկանց մեջ նա միայնակ էր: Իր սրտում, իր հոգում խորը մենակություն էր զգում:

Մեր շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր թեև ապրում են մարդկանց մեջ, շփվում են նրանց հետ, բայց մենակություն են զգում: Նրանք նույնպես Հիսուսին ասում են՝ ոչ մեկը չունեմ:

Ավազանի մոտի մարդը երեսունութ տարի միայնակ էր: Ու հանկարծ եկավ մի երիտասարդ, գեղեցիկ տղա: Եկավ Հիսուսը: Ու միայն Հիսուսը հասկացավ, որ մարդը մենակ է: Հաճախ մարդիկ ի վիճակի չեն հասկանալու այն, ինչը զգում են ուրիշները: Նրանք կարող են դա հասկանալ, եթե իրենք էլ են ապրել դա: Միայն Հիսուսն է, որ կարող է հասկանալ բոլորին:

Ի՞նչ տեղի կունենար, եթե մարդիկ պայմանավորվեին և ջրերը շարժվելիս միաժամանակ մտնեին ջուրը: Հավանաբար բոլորն էլ կբժշկվեին: Սակայն մարդիկ չէին ուզում միաբանվել: Նրանց մեջ կար մրցակցություն, ոչ թե միաբանություն: Իսկ երեսունութ տարվա հիվանդը դուրս էր մրցակցությունից, և Աստված հենց նրան տեսավ, հասկացավ ու բժշկեց:

Հավաքվածների մեջ կային շատերը, ովքեր ժամանակին հիվանդ էին եղել, բժշկվել էին, բայց մոռացել էին իրենց անցյալը և մտքներով անգամ չէր անցնում օգնել տարիներով իրենց հետ ավազանի մոտ պառկած հիվանդին: Ու նա ասաց՝ մարդ չունեմ..

Դու պետք է տեսնես մարդու կարիքները: Դու պետք է օգնես մարդկանց, կերակրես, հագցնես, Ավետարանը քարոզես: Պետք է լինես Հիսուսի նման՝ հասկանաս մարդկանց, լինես նրանց կողքին: Աստված Իր գործերն անում է մարդկանց միջոցով: Նա մարդկանց կարիք է զգում:

Մարդիկ չեն կարողանում լսել Աստծո ձայնը, որովհետև ուզում են այն լսել  անմիջապես Աստծուց: Բայց Աստված հաճախ խոսում է մարդկանց միջոցով: Ով չի լսում մարդկանց ձայնը, նա ի վիճակի չէ լսել նաև Աստծո ձայնը: Մոլորություն է կարծելը, թե կարելի է շրջանցել մարդկանց և լսել Աստծո ձայնը:

Երուսաղեմում մարդիկ սիրտ չունեին: Նրանք չեին օգնում մարդուն, որ բժշկվի իր երկարամյա հիվանդությունից: Բայց զայրացել էին, որ Հիսուսը շաբաթ օրը բժշկել էր նրան: Մի՛ եղիր նրանց նման, այլ եղիր Հիսուսի նման: Թույլ տուր, որ Հիսուսը օգտագործի քեզ Իր նպատակներն իրականացնելու համար այնպես, ինչպես դա արեց հացն ու ձուկը բաժանելիս (Հովհ. 6:1:13):

Քո կողքին կան մարդիկ, ովքեր քո կարիքն ունեն: Եթե հիվանդ ես եղել, պարտավոր ես այցելել հիվանդին: Եթե եղել ես բանտում, պարտավոր ես այցելել բանտերը, եթե ընկճված ես եղել և Հիսուսը քեզ հանել է այդ վիճակից, պարտավոր ես լինել ընկճվածների կողքին: Մի՛ մոռացիր, թե ինչ է արել քեզ համար Հիսուսը: Եղի՛ր Նրա նման, արա՛ այն, ինչ Նա էր անում:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ