Ծոմապահության երրորդ օր

Ծոմապահության երրորդ օր
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում  շարունակվում է ծոմապահությունը՝ բերելով նոր օրհնություններ, նոր հայտնություններ և նոր ճանաչողություն: Ավարտին մոտեցավ երրորդ օրը, իսկ այսօրվա հովվի պատգամն՝ ուղղված եկեղեցուն հետևյալն էր.
 «Մեր ճակատագիրը Տիրոջ ձեռքերում է: Հոգևոր կյանքում կան երկու կարևոր բաներ՝ երկու երկաթգծեր, որոնցով գնում է հավատքի և կյանքի գնացքը, դա Տիրոջը երկրպագելն է և Ավետարանը քարոզելը: Մնացածն ինքնըստինքյան կլինեն, եթե լինեն այս հիմնայինները: Ավետարան քարոզելը մեր կոչումն է, որի համար պետք է օգտագործենք ամեն առիթ: Մենք ցանում ենք, իսկ աճեցնողը Աստված է: 
Մարդիկ հաճախ մի խնդիր են ունենում՝ նրանք ապրում են երազանքներով ու պատրանքներով: Իհարկե երազելը լավ է, բայց այն իրականացնելու համար որոշում է պետք կայացնել: Անառակ որդին միայն չերազեց, այլ վեր կացավ և գնաց: Որոշումից է ծնվում արդյունքը: Եկեք չբավարարվենք երազանքներով և գործի անցնենք: 
Այսօր Աստված ուզում է քեզ ասել.  զորացի՛ր: Հնարավոր է դու վնասներ ես կրել, դժվարություններ ես ունեցել, բայց ինչ-որ փոքրիկ մնացորդ դեռ մնացել է, հնարավոր չի, որ ոչինչ չմնա, դա կարող է լինել մի փոքր հույս, սեր կամ համբերություն, կամ դա կապված է քո գործերի կամ ծառայության հետ: Եվ այսօր Աստված ուզում է մեզ ասել, թե ինչ անենք այդ մնացորդի հետ: Նա նայում է քո մնացորդին և մեծագույն Իմաստությունը կայանում է նրանում, որ մնացորդը սարքենք ավելցուկ:
Տրտմելու ու նեղվելու փոխարեն օգտագործիր այն քո ապագա ավելցուկի համար, և եթե դու հանձնես այն Աստծուն նա կարող է քո մնացորդը դարձնել ավելցուկ: Մեր Աստված հրաշքների Աստված է: Այն, ինչն ընկնում է Տիրոջ ձեռքերի մեջ, օրհնվում է: 
Տաճարում կինը իր վերջինը տվեց, և Տերը դա նկատեց ու օրհնեց: Աշխարհը իր վերջինը չի ուզում տալ, դրա մեջ տրամաբանություն չի տեսնում, որովհետև չունի հավատք:
(3 Թագ 17:8) Եղիան երբ որբևայրի կնոջ մոտ գնաց, նա հրաժարվեց իր վերջին ուտելիքը տալ, քանի որ մեռնելուց առաջ իր և որդու համար էր նախատեսել, բայց երբ նա հնազանդվեց ու տվեց այն Տիրոջը, Աստված հրաշքը արեց: Մենք պետք է այն պատանու նման լինենք, ով իր վերջին 2 ձուկն ու 5 հացը հոժարությամբ տվեց Հիսուսին, և ապշեցուցիչ բազմացման հրաշքը տեղի ունեցավ: 
(Անգե 2:3-7) Ո՞վ է ձեզանում մնացորդ, որ տեսել է այս տունը իր առաջի փառավորությունովը, եւ դուք ի՞նչպէս էք տեսնում նորան հիմա, չէ՞ որ սա ոչինչի պէս է նորա մոտ ձեր աչքերի առաջին։ Սակայն հիմա զորացիր, ով Զորաբաբէլ, ասում է Տէրը, և զորացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու՝ մեծ քահանա։ Եւ զորացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զորաց Տէր Աստվածը։
Եւ կշարժեմ բոլոր ազգերը, եւ կգան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կլցնեմ այս տունը փառքով, ասում է Զորաց Տէրը» ։


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ